Ընտրական գործընթացներին ԵՄ ներգրավվածության մակարդակն աննախադեպ է. դեսպան
ՔաղաքականությունԸնտրական գործընթացներին ԵՄ ներգրավվածության մակարդակն աննախադեպ է։ Այս մասին NEWS.am -ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար , դեսպան Պյոտր Սվիտալսկին ։
Նրա խոսքով՝ ԵՄ–ն մինչեւ 7 մլն եվրո է հատկացնելու, ինչը արտաքին ֆինանսավորման գրեթե 90 տոկոսն է։ «Մենք ոչ մի ուրիշ երկրում չենք արել նման բան։ Ինչու՞ ենք հիմա անում. որովհետեւ հավատում ենք, որ Հայաստանը մեր աջակցության կարիքն ունի, հավատում ենք, որ այդ աջակցությունը կարող է ծառայել լավ նպատակների եւ տալ հստակ արդյունքների։ Մենք արդեն մինչեւ 4 մլն եվրո ենք վճարել սարքավորումներ գնելու համար։ 2 մլն եվրո կփոխանցվի մոտ օրերս։ Ավելի քան 1 մլն եվրո էլ Հայաստանի կառավարությանը կտրվի միայն ընտրություններից հետո։ Եվ մենք դա գաղտնի չենք պահում։ Վերջին տրանշի հատկացումը կախված կլինի նրանից, թե ինչպես կիրականացվեն ԸՕ–ի շուրջ համաձայնագրի դրույթները։ Հետեւաբար մենք ուշադիր հետեւում ենք իրադարձություններին։ Մեր տեսակետից ամենակարեւոր հարցերը, որոնք պետք է քննարկել, արդար քարոզարշավի հարցերն են։ Դրանք վերաբերում են նաեւ վարչական ռեսուրսի կիրառումը կանխելուն, ընտրակաշառքի բաժանումը բացառելուն եւ լրատվամիջոցներում լուսաբանման հավասար հնարավորություններին։
Ես մի քանի հանդիպում եմ ունեցել Հայաստանի բարձրաստիճան անձանց, այդ թվում՝ գլխավոր դատախազի հետ եւ կարող եմ ասել, որ իշխանություններն ուզում են անել հնարավոր ամեն բան ընտրարշավի համար լավագույն պայմաններ ապահովելու համար։
Սա շատ կարեւոր փուլ է Հայաստանի համար։ Մարտահրավերները լուրջ են, բայց ես լավատեսորեն եմ տրամադրված։ Հայաստանը ելք կգտնի, քանի որ անգամ ամենամեծ խնդիրների դեպքում միշտ ելք կա։»,– ասել է նա։