Արգամ Աբրահամյանը չի պատրաստվում հրաժարական տալ. Արտաշատի քաղաքապետարան
ՔաղաքականությունԱրտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը չի պատրաստվում հրաժարական տալ: Այս մասին Tert.am-ին հայտնեցին Արտաշատի քաղաքապետարանից՝ հավելելով, որ այս պահին Արգամ Աբրահամյանը ժողովի է և չի կարող պատասխանել մեր հարցերին:
Նշենք, որ մամուլում գրվել է, որ Արարատի մարզպետի հրաժարականից հետո հրաժարականի դիմում է ներկայացնելու նաև Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը:
«Նման բան չկա: Արգամ Աբրահամյանը չի պատրաստվում հրաժարական տալ»,-փոխանցեցին քաղաքապետարանից:
Նշենք, որ ՀՀԿ ԳՄ նախկին անդամ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀԿ-ն լքելու առթիվ դիմումը ներկայացրել է Հանրապետականի գրասենյակ:
Վերջին օրերին նաև ականատես ենք լինում, որ Հովիկ Աբրահամյանի մերձավորները պաշտոններից հեռանում են: Պատասխանելով նշվածի հետ կածված Tert.am-ի հարցին՝ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է. «ՀՀԿ-ն որևէ պահանջ չի ներկայացրել: Ե՛վ Հովիկ Աբրահամյանի՝ կուսակցությունից դուրս գալը, և՛ նրա մերձավորների պաշտոնանկությունները բացառապես այդ մարդկանց սահմանադրական իրավունքն են և իրենց որոշելիքը: Մենք որևէ մեկին զոռով ոչ պաշտոններում, ոչ ՀՀԿ-ում չենք պահում: Իրենք են որոշել, ազատ կամարտահայտություն է, մենք հարգում ենք բոլոր մարդկանց, այդ թվում՝ Հովիկ Աբրահամյանի ազատ կամարտահայտության իրավունքը»: