Ծերուկը ծեր չէ. «Փաստ»
Ուշադրության կենտրոնում«Փաստ» օրաթերթը գրում է.
Հունվարի 25–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, արեց մի քանի հայտարարություններ, որոնք առաջին հայացքից կարող են թվալ անմեղ: Թվում էր, թե Հայաստանի ԵԱՏՄ անդամակցելուց հետո, Եվրոպան վերջնականապես կկտրի հույսը մեզանից, բայց արի ու տես, որ ծերունին համառ է: Նա նախ նշեց, որ 2016–ի ընթացքում, Հայաստանին ամենատարբեր ծրագրերի շրջանակներում, տրամադրվել է 62 միլիոն եվրո: Եվս 50 միլիոն կտրամադրվի նոր համաձայնությունների արդյունքում: Հասկանալի է, որ սրանք դրամաշնորհային գումարներ են: Այսինքն` վերադարձման ենթակա չեն: Ի դեպ, դրամաշնորհային մուտքերը մաս են կազմում այն խողովակների, որոնց միջոցով Հայաստանի տնտեսությունը մի կերպ շնչում է: Այնուհետ նա հույս է հայտնել, որ 2017–ին Հայաստան–ԵՄ հարաբերությունները կդիտարկվեն նոր հարթության վրա, երբ կավարտվեն աշխատանքները նոր` շրջանակային համաձայնագրի շուրջ: Այսինքն, Եվրոպան, վիժեցված ասոսացման համաձայնագրին այլընտրանք է գտել և այն առաջարկում է Հայաստանին: Այս ամենից զատ, նա առանձնացրել է այն հինգ առաջնահերթությունները, որոնք կարևորում են Հայաստանի հետ հարաբերություններում: Դրանք են` ա) Ընտրական նախագծի բարեհաջող իրացում, որը կհանգեցնի ապրիլին լավ ընտրությունների կայացմանը, բ) գործարար միջավայրի բարելավում, գ) կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում համագործակցություն, դ) մարդու իրավունքների վերաբերյալ պայմանավորվածությունների իրագործում, որոնց մասով կան հստակ պարտավորություններ, ե) դատական համակարգի անկախության ամրապնդում: Հաշվի է առնվում նաև այն հանգամանքը, որ Եվրոպան արդեն տվել է 50 միլիոն եվրո, այս կետի համար: Եթե ընդհանրական նայենք այս ծրագրին, ապա կարող ենք պնդել, որ Հայաստանի քայքայվող տնտեսության համար այն կարող է դառնալ փրկության միջոց: Ընդհանրապես, եթե մենք ունեինք ռացիոնալ արտաքին քաղաքականություն, ինչն այսօր չունենք, ապա ռուսական և արևմտյան բևեռները վաղուց մեզանում հավասարակշռված կլինեին, իսկ տնտեսությունը և կյանքի այլ ոլորտներ չէին լինի ներկայի ողբերգական վիճակում:
Եվրոպայի այսօրինակ ակտիվացումը պատահական չէ: Սերժ Սարգսյանի քաղաքական վիճակը, կապված իր թիմի, թիմից հեռացածների, նոր կազմավորված դաշինքների առումով նախանձելի չէ: Ընտրական փուլում նա կունենա այդքան կարևոր աջակցության և լեգիտիմության խնդիր: Պատկերացրեք, եթե Հայաստանում ռուսական թևը էլ ավելի է խորացնում իր լծակները, իսկ դրա ցանկությունն ակնհայտ է, ի հակադրություն սրա, արևմուտքն ընդհանրապես չի հետաքրքրվում Հայաստանով, ինչ իրավիճակում է հայտնվում Սարգսյանը: Մյուս կողմից, հենց արևմուտքի այս նախաձեռնողականությունն է նաև, որ ռուսներին ստիպում է գործել ավելի սուր: Կարեն Կարապետյանի բարձր մակարդակի ընդունելությունը, Սարգսյանից հեռացած տարբեր քաղաքական դեմքերի հետ հանդիպումները վկայությունն են այս ամենի: Կարծես ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանը չունի հստակ դիվանագիտական հայեցակարգ և գործում է պահի ազդեցության տակ: Իսկ Հայաստանի նոր` խորհրդարանական համակարգը, նրան ստիպելու է, մեկ անձի փոխարեն ազդել մի քանի կենտրոնների կամ խմբերի վրա: Մոսկվայում սա շատ լավ հասկանում են: Ամեն դեպքում, որ քաղաքական ուժն էլ իշխանության գա Հայաստանում, եթե այն բացարձակ ռուսամետ չէ (որևէ արևմտամետ խմբի լիակատար իշխանության գալն այս փուլում բացառում ենք), պետք է լուծի Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող արտաքին քաղաքականության խնդիր` հավասարակշռել ռուսական և արևմտյան գործոնները:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում