ԱՄՆ-ում արդարացրել են աֆրոամերիկացուն գնդակահարած ոստիկաններին
Միջազգային2014-ի օգոստոսին անզեն աֆրոամերիկացի Էզել Ֆորդին գնդակահարած ոստիկաններին մեղադրանքներ չեն առաջադրվի, քանի որ նրանք գործել են ինքապաշտպանության սահմաններում: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել են Լոս Անջելեսի շրջանի դատախազի գրասենյակից:
«Լոս Անջելեսի 2 ոստիկանի դեմ, որոնք մարդու վրա կրակել են ոստիկաններից մեկին պատկանող ատրճանակի համար պայքարի ժամանակ, մեղադրանքներ չեն առաջադրվի»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հետաքննության վերաբերյալ զեկույցում նշված է, որ ոստիկաններ Շառլթոն Ուեմփլերը եւ Անտոնիո Վիլեգասը ինքնապաշտպանության նպատակով օրենքի սահմաններում են գործել: Ոստիկանները Ֆորդին տեսել են այն շրջանում, որտեղ պատրաստվում էին հավաքվել երիտասարդական բանդայի մասնակիցները: Նրանք չգիտեին, որ Ֆորդը հոգեկան հիվանդ է:
Ոստիկանները փորձել են Ֆորդին կանգնեցնել, բայց նա թաքնվելու փորձ է կատարել: Երբ ոստիկաններից մեկը բռնել է Ֆորդի ուսից, նա շրջվել եւ բռնել է ոստիկանին: Պայքարի ընթացքում Ֆորդը փորձել է խլել ատրճանակը, սակայն գնդակահարվել է: Ոստիկանի մարնի վրա սպանվածի ԴՆԹ-ն է հայտնաբերվել, իսկ դեպքի վկաներից մեկը նշել է, որ պայքարի ընթացքում ոստիկանը բղավում էր՝ «Ատրճանակը բաց թող»: Սպաների ցուցմունքները հաստատել են նաեւ ոստիկանի համազգեստի վիճակը եւ նրա մարմնական թեթեւ վնասվածքները:
Ֆորդը գնդակահարվել է Միսսուրիի նահանգի Ֆերգյուսոնում մեկ այլ անզեն աֆրոամերիկացի Մայքլ Բրաունի սպանությունից 2 օր հետո: Բրաունի մահը ամբողջ երկում զանգվածային անկարգություններ եւ ցույցեր էր առաջացրել: Բրաունին գնդակահարած ոստիկանին նույնպես մեղադրանքներ չեն առաջադրվել, քանի որ դատախազները համարել են, որ նա ինքնապաշտապանվելու նպատակով է կրակել: