Կուրսանտի գործով դատական նիստը հետաձգվեց. դատարան չէր ներկայացել ամբաստանյալներից մեկը
ՀասարակությունՎազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստին այսօր՝ հունվարի 23-ին, հերթական անգամ հետաձգվեց: Դատական նիստին չէր ներկայացել գործով ամբաստանյալ Վարազդատ Սաֆարյանը, դատարանին նրա բացակայության վերաբերյալ գրություն չէր ներկայացվել: Նրա շահերի պաշտպան Ինգա Ավագյանը եւս տեղյակ չէր պաշտպանյալի` դատարան չներկայանալու պատճառների մասին:
Դատարանը նշեց, որ ավելի վաղ դատարան գրություն է ստացվել Վարազդատ Սաֆարյանին Տավուշի զորամասերից մեկից դատարանին ավելի մոտ զորամաս տեղափոխելու վերաբերյալ, որպեսզի մինչ դատավարության ավարատը Վազգեն Սաֆարյանը գտնվի դատարանին մոտ տարածքում, ըստ այդմ Վազգեն Սաֆարյանը հունվարի 27-ին պետք է Տավուշի զորամասից զորացրվեր եւ տեղափոխվեր մեկ այլ զորամաս:
Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում: