Երուսաղեմում ու Բեթղեհեմում հայերը հատուկ շքերթով տոնել են Սուրբ Ծնունդը (ֆոտոռեպորտաժ)
ՀասարակությունԵրուսաղեմի Հայոց պատրիարքարք Նուրհան սրբազանի գլխավորությամբ Երուսաղեմում ու Բեթղեհեմում տեղի են ունեցել Սուրբ Ծննդյան միջոցառումներ։ (Երուսաղեմում Սուրբ Ծնունդը նշում են հին տոմարով՝ հունվարի 18 եւ 19-ին): (ֆոտոռեպորտաժ)
Ինչպես Բեթղեհեմից տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը, Երուսաղեմի պատրիարքը միաբանության հետ դուրս է եկել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանից ու շքերքով շարժվել դեպի Բեթղեհեմ՝ Սուրբ Ծննդյան տաճար։
Երբ պատրիարք Նուրհան սրբազանի գլխավորությամբ շքերթը մոտեցել է Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարի հրապարակ, սկսել են ղողանջել զանգերը, իսկ հայ հոգեւորականներին դիմավորել են անձամբ Բեթղեհեմի նահանգապետն ու քաղաքապետը։
Սուրբ Ծննդյան հրապարակում միջոցառմանը հետեւել են Հայաստանից ու աշխարհի տարբեր երկրներից ժամանած հարյուրավոր հայեր ու հազարավոր զբոսաշրջիկներ։
Հայ երիտասարդներից կազմված սկաուտական խմբերը շարքեր կազմած, թմբուկներով, Հայաստանի ու Արցախի եռագույն դրոշներով մտել են Սուրբ Ծննդյան հրապարակ։ Երթի ժամանակ հնչել է Հայաստանի հիմնը։
Այնուհետ Սուրբ Ծննդյան տաճարում տեղի են ունեցել Սուրբ Ծննդյանը նվիրված հոգեւոր արարողություններ ու Ճրագալույցի պատարագ։ Փոքրիկ ընդմիջումից հետո արարողությունները շարունակվելու են մինչ հունվարի 19-ի լուսաբաց։
Բեթղեհեմում Սուրբ Ծնունդի հետ կապված իրականացվում է խիստ հսկողություն։ Բոլոր փողոցներում շուրջօրյա պարեկություն են իրականացնում պաղեստինյան ոստիկանությունն ու զինվորականները։
Իսկ Սուրբ Ծննդյան տաճարի շուրջն առավել խիստ վերահսկողություն է։ Տաճար մտնողները տարածք են մուտք գործում ստուգումից հետո։