Երեւանում անչափահասի սպանության մեջ մեղադրվող եղբայրներն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում
ՀասարակությունԵրեւանում մարտի 14-ի երեկոյան անչափահասի սպանության գործով ամբաստանյալ եղբայրներ Նարեկ եւ Դավիթ Պետրոսյաններն իրենց առաջադրված մեղադրանքում մեղավոր չեն ճանաչում: Այսօր` հունվարի 17-ին, Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալները հայտարարեցին, որ նման արարք չեն կատարել:
Դատարանը սահմանեց ապացույցների հետազոտման հետեւյալ կարգը` հարցաքննել տոժողներին, վկաներին, հետազոտել գործում առկա ապացույցները, ապա հարցաքննել ամբաստանյալներին:
Քանի որ դատական նիստին ներկա չէր տուժող կողմը, դատարանը որոշում կայացրեց հետաձգել այն: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 27-ին:
Նշենք, որ այսօր գործով ամբաստանյալների շահերի պաշտպան Սյուզաննա Խչեյանը միջնորդություն ներկայացրեց ամբաստանյալներ Նարեկ եւ Դավիթ Պետրոսյանների տեսակցությունների արգելանքը վերացնելու մասին, որը դատարանը մասնակիորեն բավարարեց` վերացնելով ամբաստանյալների մերձավոր հարազատների հետ տեսակցությունների վրա դրված արգելանքը եւ մերժելով ԶԼՄ-ների եւ այլ անձանց հետ տեսակցությունների մասով արգելանքի վերացումը:
Նարեկ եւ Դավիթ Պետրոսյաններին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2016թ. մարտի 13-ին` ժամը 21-ի սահմանում Երեւան քաղաքի Սարի Թաղի 5-րդ փողոցի 67 հասցեում գործող թիվ 47 դպրոցի մոտ վիճաբանության, ապա ծեծկռտուքի ժամանակ իրենց հետ նախապես վերցված «Թիթեռ» տեսակի դանակով կյանքից ապօրինի զրկելու դիտավորությամբ հարվածել են անչափահաս Ա. Բաղդասարյանի սրտին, ինչի հետեւանքով կարճ ժամանակ անց նա մահացել է: Բացի այդ դանակով դիտավորությամբ հարվածներ են հասցրել անչափահաս Սերգեյ Օսիպովին` նրա առողջությանը պատճառել միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով:
Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 3 հոդվածներով՝ 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սպանության փորձ՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ), 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (2 կամ ավելի անձանց միջին ծանրության մարմնական վնաս պատճառելը):