Հոլանդիայում գնացքները կաշխատեն քամու էներգիայով
ՄիջազգայինՀոլանդիայում բոլոր գնացքներն այժմ աշխատում են քամու գեներատորների արտադրած էլեկտրականությամբ: Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով Nederlandse Spoorwegen ազգային երկաթուղային ընկերությանը:
«Հունվարի 1-ից մեր գնացքների 100 տոկոսն աշխատում է քամու էներգիայով»,- ասել է ընկերության ներկայացուցիչ Թոն Բոոնը: Հոլանդական Eneco ընկերությունը հաղթել է 2 տարի առաջ Nederlandse Spoorwegen-ի հայտարարած տենդերը եւ 10 տարի ժամկետով պայմանագիր է կնքել: Բոլոր գնացքների անցումը քամու էներգիայով աշխատելուն նախատեսված էր 2018-ի հունվարին, սակայն մասնագետները խնդիրը մեկ տարի վաղ են լուծել:
Eneco-ի եւ Nederlandse Spoorwegen-ի ներկայացուցիչները հայտնել են, որ մեկ հողմակայանը մեկ ժամ աշխատանքով կարող է ապահովել մեկ գնացքի երթեւեկությունը գրեթե 200 կմ տարածությամբ: