Ամանորին վանաձորցի երեք երեխա է տուժել պայթուցիկների օգտագործման հետեւանքով
Ուշադրության կենտրոնումԱմանորին ու հետամանորյա օրերին Վանաձորում մշտապես պայթուցիկներից վնասվելու դեպքեր են գրանցվել: Այս տարի տարատեսակ պայթուցիկների ու հրավառությունների հետեւանքով տարբեր վնասվածքներ է ստացել վանաձորցի երեք երեխա:
10 տարեկան տղայի աջ ձեռքի երրորդ մատի կեսը բառացիորեն պոկվել էր պայթուցիկի օգտագործման ընթացքում, մատերից եւս մի քանիսը վնասվել էին: Վանաձորի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքի մասնագետների օպերատիվ միջամտության արդյունքում վնասված մատները հնարավոր է եղել փրկել:
5 տարեկան մեկ այլ վանաձորցի փոքրիկի վիճակն ավելի ծանր էր:
«Հինգերորդ մատն ամբողջությամբ կտրվել էր, այն առանց միկրովիրաբուժական միջամտության վերականգնման ենթակա չէր: Նրան ուղարկեցինք Երեւանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Մինչ երեխային տեղ կհասցնեին, բժիշկներն արդեն տեղում էին եւ կարողացան փրկել երեխայի մատը»,- մեզ պատմեց Վանաձորի բժշկական կենտրոնի մանկական վնասվածքաբան Ռուբեն Հակոբյանը:
12 տարեկան մեկ այլ երեխա դեմքի այրվածքներ է ստացել: Պայթուցիկների օգտագործման արդյունքում տուժել էր նաեւ փոքրիկի մայրը: