Իրականում վրաերթ էր. 31-ամյա կինը հիվանդանոցում հայտնել է, որ ընկերոջ հետ վիճաբանելիս սայթաքել, ընկել է
ՀասարակությունՀունվարի 9-ին, ժամը 20.50-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 31-ամյա քաղաքացուհի եւ հայտնել, որ իրեն վրաերթի են ենթարկել եւ տեղափոխում են հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 22.00-ին հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա, գլխուղեղի տրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել հիշյալ քաղաքացուհին եւ հայտնել, թե ընկերոջ հետ վիճաբանության ժամանակ սայթաքել եւ ընկել է:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունվարի 9-ին, ժամը 20.40-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Մոլդովական փողոցի թիվ 24 շենքի մոտ վրաերթի է ենթարկել քաղաքացուհուն եւ վնասվածքներով տեղափոխել նրան հիվանդանոց:
Հունվարի 10-ին, ժամը 00.10-ին, վարորդը ներկայացել է ոստիկանություն:
Կատարվում է քննություն: