Ցրտերի պատճառով որոշ բնակավայրերում դասերը կսկսեն ժամը 10.00-ից` 30 րոպե տեւողությամբ դասաժամերով
ՀասարակությունՑրտերի պատճառով որոշ բնակավայրերում դասերը կսկսեն ժամը 10.00-ից` 30 րոպե տեւողությամբ դասաժամերով: Այս առնչությամբ ԿԳՆ տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«ՀՀ հանրակրթական դպրոցների 3-12-րդ դասարաններում այսօրվանից վերսկսել է ուսումնական գործընթացը: Հաշվի առնելով եղանակային ոչ բարենպաստ պայմանները` ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը հեռախոսազրույցներ է ունեցել հանրապետության բոլոր մարզպետների, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետի հետ: Նախարարը ճշգրտել է բնականոն ուսումնական գործընթաց կազմակերպելու նպատակով դպրոցներում բավարար ջերմաստիճան ապահովելու պայմանները: Միաժամանակ, շրջաբերական է ուղարկվել բոլոր մարզպետներին եւ Երեւանի քաղաքապետին` առաջարկելով այն ուսհաստատություններում, հատկապես գյուղական համայնքների, որտեղ դասասենյակներում ապահովված չէ համապատասխան ջերմաստիճան, ըստ անհրաժեշտության, դասերը սկսել առավոտյան ժամը 10.00-ից` 30 րոպե տեւողությամբ դասաժամերով:
Միաժամանակ նշենք, որ խնդիրը գտնվում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության մշտական ուշադրության կենտրոնում. մարզերից եւ Երեւան քաղաքից ամենօրյա պարբերականությամբ նախարարություն է ներկայացվում համապատասխան տեղեկատվություն: Անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն լրացուցիչ քայլեր»: