Հայաստանի զինվորական դատախազը մեկնել է Չինարի՝ տեղում ծանոթանալու իրավիճակին
ՔաղաքականությունԴեկտեմբերի 29-ի առավոտյան Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ-արեւելք ընկած պետական սահմանի հատվածում ադրբեջանական զորքերի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի հետեւանքով ստեղծված իրադրությանը տեղում ծանոթանալու նպատակով այսօր Տավուշի մարզ է մեկնել ՀՀ զինվորական դատախազ Արտակ Հարությունյանը:
Ավելի NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արեւելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ։ ՀՀ զինված ուժերը մարտի են բռնվել հակառակորդի հետ. «Կիրառվում է դիպուկահարների եւ նռնականետերի կրակ, որը շարունակվում է։ ՀՀ Զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը՝ կանխելով հակառակորդի ոտնձգությունները»:
Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, հակառակորդը հետ է շպրտվել, տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաեւ` մեր մարտական դիրքերի հատվածում. «ՀՀ պաշտպանության նախարարությունը տիրապետում է ադրբեջանական կողմից ՀՀ պետական սահմանի խախտման անհերքելի ապացույցների: Տեղի ունեցած սադրանքի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»:
Ադրբեջանական զորքերի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի հետեւանքով հայկական կողմն ունի երեք զոհ, որոնց անունները հայտնի են: Զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը եւ Էրիկ Գարիկի Աբովյանը: