ՌԴ իշխանությունները նշել են Տու-154-ի աղետի հիմնական վարկածները
Ուշադրության կենտրոնումՍեւ ծովում Տու-154 օդանավի կործանմանը կարող էին հանգեցնել տեխնիկական խնդիրները կամ օդաչուների սխալը: «Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է աղետի հետաքննությամբ զբաղվող կառավարական հանձնաժողովի ղեկավար, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը:
Ահաբեկչությունը որպես օդանավի կործանման հիմնական վարկած չի դիտարկվում: «Բայց ընդգծեմ, որ դա հետաքննությունն է պարզում, ինչպես նաեւ պաշտպանության նախարարության հատուկ տեխնիկական հանձնաժողովը»,- պաշտոնյայի խոսքերն է վկայակոչում ՏԱՍՍ-ը:
Սոկոլովն ընդգծել է, որ ավիաաղետի վայրում որոնողա-փրկարարական գործողությունը կշարունակվի այնքան, որքան հարկավոր է: Այդ աշխատանքներին մասնակցում են ՊՆ-ի, ԱԴԾ-ի, Ռոսավիացիայի եւ Ռոսմորրեչֆլոտի ուժերը:
Ներկայում 11 զոհի մարմին է հայտնաբերվել: Տրանսպորտի նախարարությունում չեն բացառում, որ զոհերի մի մասի մարմիններն ու օդանավի մնացորդները կարող են Աբխազիայի ջրային տարածքում լինել: Աբխազական կողմը պատրաստակամություն է հայտնել օգնել ռուսաստանցի գործընկերներին:
ՌԴ ՊՆ Տու-154 օդանավի կործանման հետեւանքով 92 մարդ է զոհվել. 84 ուղեւոր եւ անձնակազմի 8 անդամ: Օդանավում Ալեքսանդրովի անվան երգի եւ պարի անսամբլի արտիստներ են եղել՝ Վալերի Խալիլովի գլխավորությամբ, երեք հեռուստաալիքների լրագրողներ (Առաջին ալիք, «Զվեզդա», ՆՏՎ), զինծառայողներ ու եւս մի քանի մարդ, այդ թվում՝ «Արդար օգնություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Ելիզավետա Գլինկան (որը հայտնի է որպես Դոկտոր Լիզա) եւ ՊՆ մշակույթի բաժնի ղեկավար Անտոն Գուբանկովը:
Օդանավը ռադարների էկրաններից անհետացել է դեկտեմբերի 25-ին, Մոսկվայի ժամանակով 05:27-ին, Սոչիից թռիչքից հետո: Այն Սոչի էր ժամանել մերձմոսկովյան Չկալովսկից, վառելիքի լիցքավորման նպատակով: Սիրիական Լաթաքիա ուղեւորվող օդանավը կործանվել է թռիչքից գրեթե անմիջապես հետո: