Բեռլինյան ահաբեկչության կապակցությամբ Հռոմի կենտրոնում տոն օրերին կարգելեն բեռնատարների երթեւեկությունը
ՄիջազգայինԻտալիայի մայրաքաղաքի քաղաքապետարանը արգելել է տոն օրերին մեծ բեռնատար մեքենաների երթեւեկությունը քաղաքի կենտրոնում։ Messaggero թերթի փոխանցմամբ արգելքն ուժի մեջ է մտել շաբաթ՝ դեկտեմբերի 24-ին, երբ Իտալիայում նշվում է Սուրբ ծնունդը։
Սահմանափակումները տարածվելու են 3․5 տոննա ու ավելի քաշ ունեցող բոլոր փոխադրամիջոցների վրա ու գործելու են դեկտեմբերի 24-ից 26-ը, իսկ հետո՝ հունվարի 1-ից 6-ը։ Արգելքը չի վերաբերում մինի բեռնատարներին, որոնք փոխադրում են դեղամիջոցներ, նաեւ թերթեր ու նամակներ։ Նշում են, որ այս որոշումն ընդունվել է Բեռլինում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։
Հիշեցնենք, որ Բեռլինում դեկտեմբերի 19-ին բեռնատարը մխրճվել էր մարդկանց բազմության մեջ, զոհվել էր 12, վիրավորվել 48 մարդ։ Պատասխանատվությունը ստանձնել էր ԻՊ խմբավորումը, ահաբեկչության մեջ կասկածվող 24-ամյա թունիսեցի Անիս Ամրին, որի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել, սպանվել է Իտալիայում ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ։