Հաջորդ տարի կարելի է ակնկալել ԱՄՆ դոլարի հետագա ամրապնդում
ՄիջազգայինԴեկտեմբերին ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը ընթացիկ տարում առաջին անգամ բարձրացրել է բազային տոկոսադրույքը՝ տարեկան 0․25-ից-0․5 տոկոսից մինչեւ 0․5-0․75 տոկոս։ Բայց դա միայն սկիզբն է, հաջորդ տարի ակնկալվում է դրույքների երեք հաջորդական վերելքներ։
ԱՄՆ-ն աշխարհի խոշորագույն տնտեսությունն է ու բազային դրույքի բարձրացման հետեւանքները կարող են բազմաթիվ լինել։ Պարզ ասած ՝ դոլարը կթանկանա, դրանից բխող բոլոր հետեւանքներով։ ԱՄՆ դոլարն աշխարհի երկրների մեծ մասի միջազգային արժութային ռեզերվների բաղկացուցիչն է։ Դրա շարունակական ամրապնդումը հանգեցնում է որպես պահուստային արժույթ դրա գրավչության աճին։
Որոշ հաշվարկներով համաշխարհային առեւտրի մեջ հաշվարկների մոտ 80 տոկոսը իրականացվում է հենց ԱՄՆ դոլարով։ Հայտնի է, որ դոլարի նկատմամբ ազգային արժույթների թուլացումը սովորաբարար խթանում է արտահանման աճը ու հակառակը։ Քանի որ մեր արտահանման հիմքը «հանքաքարն է ու մետաղների խտանյութը» ( այդ թվում ու հատկապես պղնձի), գալիք տարի բացառված չէ վերջին տարիների բացասական երեւույթների շարունակությունը։
Ռուսական ռուբլու հետագա թուլացումը ԱՄՆ դոլարի հանդեպ ռիկոշետով կհարվածի նաեւ մեր տնտեսությանը։ Դրամական փոխանցումների գումարը (այդ թվում նաեւ տրանսֆերտները) Ռուսաստանից, ռուբլին դոլարի փոխելիս, ավտոմատ կերպով կրճատվում են։
Բացի դրանից, Ռուսաստանից ներմուծումը թանկանում է։ Մեր արտահանման մեկ այլ առանցքային ապրանք ՝ կոնյակը, հիմնականում արտահանվում է հենց այդ երկիր։ Եղել է մի պահ, երբ արտահանողները բախվել են Ռուսաստանում իրենց ապրանքների իրացման լուրջ խնդիրների։ Այս տարի իրավիճակը կարծես թե շտկվել Է։ Բայց ինչ կարելի է ակնկալել գալիք տարի, դեռ պարզ չէ։
Հայաստանում միանգամայն հնարավոր է բնակչության խնայողությունների դոլարականացման աճը։ Չնայած արտարժույթով ավանդների մասով տարեկան տոկոսադրույքները զգալիորեն ցածր են, քան դրամականի մասով, շատ ավանդատուներ այդուհանդերձ նախընտրում են դոլար։ Այնպես որ Հայաստանում դոլարի փոխարժեքի բարձրացումը լրացուցիչ խթան է այդ ընտրության համար։ Բացի դրանից հնարավոր է անշարժ գույքի ՝ առաջին հերթին բնակարանների շուկայական գների լուրջ փոփոխություն։