Ռուսաստանը ռազմական ոստիկանության գումարտակ է մտցրել Հալեպ
Ուշադրության կենտրոնումՍիրիայի Հալեպ քաղաքի ազատագրված շրջաններ ռուսական ռազմական ոստիկանության գումարտակ է մտցվել: Այդ մասին դեկտեմբերի 23-ին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Ազատագրված տարածքներում կարգի պահպանության համար դեկտեմբերի 22-ի երեկոյից այնտեղ է մտցվել ռազմական ոստիկանության գումարտակ»,-ասել է գերատեսչության ղեկավարը:
Շոյգուն նաեւ նշել է, որ Հալեպից զինյալների դուրսբերման գործողությունն ավարտված է: Նրա խոսքով՝ այն իրականացվել է Թուրքիայի եւ Իրանի ներկայացուցիչների հետ սերտ գործակցությամբ:
Սիրիայի կառավարական զորքերը դեկտեմբերի 22-ին պաշտոնապես հայտարարել են, որ Հալեպն ամբողջությամբ գտնվում է իրենց հսկողության ներքո: «Սիրիական բանակի հրամանատարությունը հայտարարում է Հալեպում խաղաղության ու անվտանգության վերականգնման մասին»,- ասված է սիրիական բանակի հրամանատարության հայտարարության մեջ:
Դրանում սիրիական բանակը Հալեպի ազատագրումը գնահատում է որպես «ռազմավարական բեկում ահաբեկչության դեմ մղվող պայքարում»: