Ծանուցման թերի համակարգն այլևս գլխացավանք չի առաջացնի
BlogՄիքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Հայաստանում գրեթե բոլորը ինչ-որ մի ժամանակ առերեսվել են ծանուցման համակարգի խնդիրների հետ: Շատ դեպքեր են արձանագրվել, երբ քաղաքացին չի իմացել, որ ժամկետանց պարտավորություն կամ չմուծված տուգանք ունի: Այդ անտեղյակությունը բերել է բոլոր բանկային հաշիվների սառեցմանը: Մարդիկ չիմանալով, որ իրենց հաշիվները կալանքի տակ են վերցված ցանկացել են քարտի միջոցով գնում կատարել կամ որոշ գումար կանխիկացնել ու կանգնել են փաստի առաջ: Քաղաքացիները միայն այդ պահին են իմանում, որ չեն կարող ոչ մի գործարք կատարել, և բարդ իրավիճակում են հայտնվում:
Օրինակ վերցնենք՝ չմուցված տուգանքները: Զանգահարելով ԴԱՀԿ մարդիկ իմանում են, որ ունեն չմուծված ակտ, որի մասին իրենք ծանուցում են ստացել, այդպես են հիմնականում պատասխանում ծառայությունից: Շատերը բողոքում են ասելով, որ մենք չենք ծանուցվել, բայց պատկերը իրականում այլ է: Ծանուցումը իրականացվում է, բայց իրականացվում է միջնորդավորված, ինչի պատճառով շատ ժամանակ ծանուցագիրը տեղ է հասնում բավականին ուշացած: Այս խնդիրը մեր օրերի ամենաքննարկվող խնդիրներից է, և օր առաջ լուծում է պահանջում:
Կառավարության նախորդ նիստում գործադիրը հավանություն է տվել «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ծանուցումների ոլորտում առկա խնդիրների կանոնակարգման և էլեկտրոնային ծանուցումների արդիականացման անհրաժեշտությամբ: Օրինագծերի փաթեթի ընդունմամբ՝ կհստակեցվի և առավել արդյունավետ կդարձվի էլեկտրոնային ծանուցումների համակարգը և դրանց կատարման ժամանակ գործողությունների հաջորդականությունը: Իսկ գործնականում առաջնահերթություն կտրվի պաշտոնական էլեկտրոնային փոստով ծանուցման առավել արագ և մատչելի եղանակին, կապահովվի անձի՝ իր գույքն արգելանքի դրված լինելու մասին առավելագույնս արագ տեղեկացումը:
Այս օրինագծերի ընդունմամբ լուծվում է շատերի կարծիքով «անլուծելի» խնդիրը: