Պարտադիր վճարը պահպանել որպես հիմք. Վիգեն Սարգսյանը՝ «1000 դրամի» նախագծի մասին
Քաղաքականություն«1000 դրամի» նախագծում պարտադիր վճարը կպահպանվի եւ հնարավորություն կլինի կամավոր վճարումներով ավելացնել հիմնադրամի միջոցները: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում «1000 դրամի» նախագծի քննարկման ժամանակ ասել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Հանձնաժողովի անդամ, անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի դիտարկմանը, որ պետք է գործի կամավորության սկզբունքը եւ նվազագույն աշխատավարձ ունեցողներից ընդհանրապես չպետք է գանձել այդ գումարը, իսկ 200 հազարից ավելի ստացողներից ավելի շատ գանձվի, Պնախարարը պատասխանեց, որ կամավորության սկզբունքը քննարկել են, եւ մանրակրկիտ ուսումնասիրելով «Մարտիկ» հիմնադրամի տարբերակը:
Վիգեն Սարգսյանը խոստովանեց, որ եթե սկզբնական շրջանում կար հասաակության վստահություն հիմնադրամի նկատմամբ, վերջում արդեն վստահությունը խաթարվեց: Նրա խոսքով, «Մարտիկ» հիմնադրամի գործառույթի շրջանակներում կամավոր սկզբունքով հաջողվել է հավաքել բուն գործունեության ընթացքում մոտ 1,200 մլրդ դրամ, որը ներկայիս նախագծով նախատեսածից մի քանի անգամ պակաս է:
«Այսինքն երբ անվստահության խնդիր չկար, նվիրատվության թիվն ամենադինամիկ շրջանում չի անցել մոտ 7000 –8000 նվիրատուից»,-ասաց նա:
Նախարարը նաեւ փարատեց բոլոր նրանց անհանգստությունը, ովքեր բարձրաձայնում էին, թե ինչ եղավ «Մարտիկ» հիմանդրամի գումարները. «Այդ գումարները անձեռնմխելի են ինչպես կանոնադրությամբ գոյություն ունեն, եւ մայր գումարից ստացվող տոկոսները կարող են կանոնադրական նպատակների համար ծախսվել, որն էլ արվել է հիմնդրամի հոգաբարձուների որոշմամբ: Դա բերել որպես անվստահության պատճառ, այդքան էլ լեգիտիմ չէր»,-ասաց նախարարը:
«Մենք նպատակահարմար ենք գտնում պահպանել մոտեցումները որ կան օրենքի նախագծում, եւ պարտադիր վճարը պահպանելով որպես հիմք՝ հնարավորություն ստեղծել կամավոր լրացուցիչ վճարումներով ավելացնել այդ հիմնադրամի միջոցների ծավալը»,-ասաց նա:
Նախագիծը հանձնաժողովը հաստատեց 4 կողմ 1 դեմ քվեարկությամբ: