Դեղագործության ոլորտում հայ-իրանական ընկերություններ կհիմնվեն
ՀասարակությունՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը դեկտեմբերի 10-ին հանդիպել է Հայաստանի դեղ արտադրողների եւ ներմուծողների միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանի հետ:
Նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ժամանակ քննարկվել են ոլորտին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես ԵԱՏՄ գործող նոր ընթացակարգերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել միությունում կազմակերպել հանդիպում ոլորտի ընկերությունների, ՀՀ առողջապահության նախարարության եւ Հայաստանի զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների մասնակցությամբ` ներկայացնելու 2017 թվականի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության տարածքում դեղերի միասնական շուկայի գործարկմամբ պայմանավորված նոր ընթացակարգերը եւ հայկական դեղագործական ընկերությունների արտահանման հնարավորությունները։
Նախարարության կողմից առաջարկվել է նաեւ դիտարկել դեղագործական ոլորտի զարգացման հնարավորությունները Իրանի հետ խորացվող տնտեսական համագործակցության, ազատ տնտեսական գոտու ստեղծման համատեքստում։
Մասնավորապես՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել առ այն, որ միությունը կբանակցի իրանական դեղագործական ընկերությունների հետ ազատ տնտեսական գոտում համատեղ հայ-իրանական դեղագործական ընկերություններ հիմնելու ուղղությամբ եւ նախարարություն կներկայացնի համապատասխան առաջարկներ: