Նալբանդյանը Համբուրգում մասնակցել է ՀԱՊԿ ԱԳ նախարարների հանդիպմանը
ՔաղաքականությունԴեկտեմբերի 8-ին Համբուրգում` ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 23-րդ նստաշրջանի շրջանակներում, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպմանը։
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարները քննարկեցին Հավաքական անվտանգության խորհրդի 2016թ. հոկտեմբերին Երեւանում կայացած նստաշրջանի որոշումների կատարման ընթացքը, ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքականության համադրման հարցեր։
Հանդիպման մասնակիցները մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի օրակարգային հարցերի շուրջ, անդրադարձան գլոբալ եւ տարածաշրջանային խնդիրներին, ահաբեկչության դեմ պայքարին, Մերձավոր Արեւելքում, Սիրիայում տեղի ունեցող գործընթացներին։
ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին դեկտեմբերի երկրորդ կեսին Սանկտ-Պետերբուրգում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նախապատրաստման հարցերը, մտքեր փոխանակեցին ՀԱՊԿ կանոնադրական մարմինների աշխատանքների վերաբերյալ։