Հայ քաղաքագետ. ԵՄ-ն փլուզման վտանգի առջեւ է կանգնած
ՔաղաքականությունԵվրոպայում պոպուլիստական շարժումների աճի պատճառով Եվրամիությունը կանգնած է փլուզման վտանգի առջեւ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ Իտալիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները հաստատում են սա:
«Երբ վարչապետ Ռենցին իշխանության եկավ Իտալիայում, նա նույնպես պոպուլիստ էր: Բայց այնտեղ ստացվեց, որ հիմա ծայրահեղ պոպուլիստներ հայտնվեցին, որոնք նրան ստիպեցին հեռանալ պաշտոնից»,- նշեց քաղաքագետը:
Գրիգորյանի կարծիքով՝ չնայած Եվրոպան իրական վտանգի առջեւ է, չի կարողանում գնահատել այդ սպառնալիքները: «Գոյություն ունեն հասարակության որոշակի շերտեր, որոնք տրվում են պոպուլիստական տրամադրություններին՝ չգիտակցելով, որ պոպուլիզմը նույն քարոզչությունն է, եւ նրանք չեն կարողանում քարոզչությունը տարբերել բազմակարծությունից»,- պարզաբանեց փորձագետը:
Նա չի բացառում հնարավորությունը, որ Ռենցիի հեռանալուց հետո Իտալիայում իշխանության կգան պոպուլիստական ուժերը, որոնք առաջին հերթին եվրոյի գոտուց դուրս գալու հարց կդնեն: Ըստ Ստեփան Գրիգորյանի՝ պոպուլիստական տրամադրություններն աճում են ոչ միայն Իտալիայում, այլեւ, օրինակ, Ավստրիայում, Հոլանդիայում, Գերմանիայում:
Քաղաքագետի կարծիքով՝ եթե ահաբեկչության սպառնալիքին Եվրոպան բավական համարժեք է արձագանքում, ապա պոպուլիստական տրամադրությունները չի կարողանում հաղթահարել: