Վարչապետի ամենաանկեղծ արձագանքը
ՔաղաքականությունԱնկեղծությունը շատ հաճախ զինաթափ է անում:
Լրատվամիջոցների հետ հանդիպման ընթացքում վարչապետի շատ պատասխաններ անկեղծ էին, հումորով լի: Բայց ամենաանկեղծ արձագանքը, որին հավանաբար ոչ ոք չէր սպասում, ըստ իս, սա էր.
«Հանրապետականին անդամակցելուց հետո Ձեր վարկանիշը, Ձեր կարծիքով, անկո՞ւմ է ապրելու, թե՞ ոչ»: «Կարծում եմ, այո»: Բայց դժվարացավ ենթադրել, թե որքան կլինի այդ անկումը. «Հաջորդ հարցմանը կստուգենք»:
Այստեղից կարելի է ենթադրություն անել. վարչապետը համոզված է եղել, որ ՀՀԿ-ի վարկանիշը ցածր է և բնականաբար բացասաբար է անդրադառնալու իր վարկանիշի վրա: Այդքանով հանդերձ նա գնացել է այդ քայլին:
Այստեղ բաց է մնում այն հարցը կամ գոնե հանրությանն է թողնվում ինքը ենթադրելու՝ այդ դեպքում ինչու՞ է ՀՀԿ-ին անդամակցել Կարեն Կարապետյանը: Եվ հարցին, թե Տիգրան Սարգսյանը ՀՀԿ-ին անդամակցել է չորս տարի հետո, վարչապետը նոր բացահայտում է անում. «Տիգրան Սարգսյանը մի քիչ այլ միջավայրում էր, կարող էր իրեն այդ շքեղությունը թույլ տալ»: Այսինքն՝ ՀՀԿ-ին չանդամակցելը շքեղությու՞ն էր... Եվ ինքը չի՞ կարող իրեն թույլ տալ այդ շքեղությունը: Եվ նորից նույն ինչուն: Շատ ինչուներ ևս կային, որոնք շրջանցվում էին նուրբ հումորով:
Հասմիկ Բաբաջանյան
Նյութի աղբյուրը ` hraparak.am