Ալեքսանդր Իսկանդարյան. Սիրիայի շուրջ իրավիճակը կարող է Հայաստանի վրա ուղղակիորեն ազդել
Ուշադրության կենտրոնումՍիրիայի շուրջ իրավիճակը կարող է Հայաստանի վրա ուղղակիորեն ազդել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին, մամուլի ասուլիսին հայտարարեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի համար դա կարեւոր է, քանի որ Թուրքիան Սիրիայում ուղղակի խաղացող է, եւ առանց Թուրքիայի ինչ-որ ստատուս քվո հաստատելու ցանկացած փորձ առայժմ հաջողության չի հասնում: «Կլինի միանգամայն այլ տարածաշրջան: Սիրիան վերածվել է Աֆղանստանի, եւ ստիպված կլինեն դեռեւս շատ երկար սպասել այդ երկրում իրավիճակի կարգավորմանը»,- նշեց Իսկանդարյանը:
Քաղաքագետն այնուհետեւ շարունակեց, որ Հայաստանն այն երկիրն է, որը հոգեբանորեն այնտեղ չէ, որտեղ ապրում է: «Մեզ թվում է, թե Մոսկվան մեզ ավելի մոտ է, քան Հալեպը, Բրյուսելը մեզ ավելի մոտ է, քան Մոսուլը: Այն, որ ռուսներն ու ամերիկացիները փորձում են Սիրիայի հարցով ընդհանուր լեզու գտնել, մեզ համար էլ է լավ: Նրանք փորձում են, բայց ամեն ինչից դատելով՝ առայժմ այնքան էլ չի հաջողվում»,- ամփոփեց Ալեքսանդր Իսկանդարյանը: