Է. Շարմազանովը 7000 անձանց ՀՀԿ անդամագրվելու մասին.«Փաստ»
Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է.
Ըստ մեր տեղեկությունների` օրերս Հայաստանի Հանրապետական կուսակցություն անդամագրված 7000 անձինք ՀԵՑ աշխատողներ են: Տեղեկությունը ճշտելու համար «Փաստը» հարց ուղղեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին, ով նշեց, որ տեղյակ չէ, թե կոնկրետ որ կառույցի ներկայացուցիչներն են անդամագրվելու որոշում կայացրել. «Ինձ համար երկրորդական է, թե որ կառույցի ներկայացուցիչներ են նրանք, կարևորն այն է, որ փաստացի յոթ հազար քաղաքացի անդամագրվել է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը»,– ասաց նա` թեմայի շուրջ աղմուկ բարձրացնող իր ընդդիմադիր գործընկերներին մաղթելով գրանցել նույնանման հաջողություններ կուսակցական գործընթացներում:
Հարցին՝ արդյոք մտավախություն չկա, որ մի օր նույն տեմպով 7000 անդամագրվողները հնարավոր է լքեն կուսակցությունը, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Կյանքում ամեն ինչ էլ հնարավոր է, իսկ քաղաքականությունը հնարավորինի արվեստ է: Այս պահին մարդիկ դրական ընկալելով ազդակը, որ վարչապետը անդամակցել է Հանրապետական կուսակցությանը, եկան ու անդամակցեցին: Այս կյանքում փոփոխական չէ միայն մեկ բան, որ վերևում Աստված կա»:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: