Տեսուչ բառը տնտեսվարողների մոտ չպետք է ասոցացվի խնդիրների կամ դրանց ավելացման հետ
BlogՄիքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Գաղտնիք չէ, որ հասարակության շրջանում ձևավորված կարծիք կա թե տեսուչը (հարկային, մաքսային թե այլ մարմինների) դա խիստ վերահսկող անձ է, որը մի խնդիր կգտնի և անպայման որպես պատիժ տուգանք կնշանակի: Այդ երևույթը բացասական է ազդում տնտեսվարողների և նրանց գործունեության վրա, ինչը խոչնդոտում է առողջ մթնոլորտ ձևավորելուն և ազատ աշխատելուն:
Տեսուչ հասկացողությունը հասարակության մեջ պետք է փոխվի, տեսուչը ժողովրդի կողմից չպետք է ընդունվի որպես պատժող, տույժ ու տուգանք նշանակող և հավելյալ խնդիր ստեղծող:
Նման ընկալումը միայն տեսուչից և նրա աշխատանքի բնույթից չի գալիս: Դա գալիս է վերադասի ցուցումները ոչ ճիշտ հասկանալուց, իսկ երբեմն նույն վերադասի սխալ ցուցումներից և ոչ պրոֆեսիոնալ մոտեցումներից: Այս երևույթները մեզանում պետք է ի սպառ վերանան:
Այսօր Կառավարության նիստի ընթացքում վարչապետը անդրադարձել է այս հարցին և հանձնարարականներ տվել տեսչական ստուգումներ իրականացնող պետական կառույցներին:
Գործադիրի ղեկավարը նշել է, որ ՀՀ օրենքով նախատեսված տեսչական ստուգումներ իրականացնելիս, այդ թվում` նոր ստեղծված տեսչական մարմնի կողմից պետք է առաջնորդվել տեսուչ-տնտեսվարող սուբյեկտ համագործակցության սկզբունքով, որի արդյունքում տեսուչն առավելապես պետք է դիտարկվի ոչ թե որպես «վերահսկող», այլ «աջակցող»:
Պետք է տնտեսվարող սուբյեկտներին խորհրդատվություն և կանխարգելիչ միջոցառումներ առաջարկել, խրախուսել և օգնել նրանց գործունեությունը սահմանված պահանջներին համապատասխանեցնելու հարցում: Տեսուչ- տնտեսվարող համագործակցության համար պետք է մշակել հետադարձ կապի ապահովման մեխանիզմներ:
Նման մոտեցումների կիրառումը շատ արագ կփոխի ստուգող կառույցի և տեսուչի ընկալումը հասարակության շրջանում: