«Շանտղության» քաղաքական ենթատեքստը
ՎերլուծությունՎերջերս մեր պետական պաշտոնյաները սահուն կերպով անցում են կատարում ոչ նորմատիվ հրապարակային լեքսիկոնի, ընդ որում զարմանալին այն է, որ նման դրսևորումներով աչքի են ընկնում վարչապետ Կարեն Կարապետյանը, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարամազանովը, որոնք մեր չինովնիկների շարքում իրավամբ կարող են համարվել առնվազն գրագետ և կոռեկտ գործիչներ։
Ըստ էության զարմանալի ոչինչ չէր լինի, եթե հայհոյախառն արտահայտություններով հանդես գային գեներալ-պատգամավորները, Սեդրակյան Մհերը, Մովսիսյան Առաքելը և այլն։ Անշուշտ և վարչապետի, և Շարմազանովի դեպքում նրանց հայհոյանքները բավական մեղմ էին, երկուսն էլ մի մյանց հետ կապ չունեցող երևույթներ գնահատելու համար «շանտղություն» բառն էին օգտագործել։ Հասկանալի է, ընդամենը մեկ բավական տարածված խոսակցական արտահայտություն համար բոլորովին էլ նպատակահարմար չէ պաշտոնյաների այսպես ասած անարգանքի սյունին գամել։ Այստեղ խնդիրն այլ է, երբ պետական պաշտոնյան երևույթը գնահատելու համար դիմում է ոչ քաղաքական բառապաշարի, ապա դրանով իսկ ցույց է տալիս պետության գործառույթների սպառումը կամ տեղափոխումը այլ դաշտ, ինչպես նաև երևույթի հետ պետության հարաբերությունների տեղափոխումն այլ հարթակ։ Ընդհանուր առմամբ այս մեկ արտահայտության մեջ ամփոփված են այն ոչ ֆորմալ և նորմատիվային կապերը, որոնք գործում են վարչակարգի ներսում։
Այսինքն, եթե այս կամ այն ոլորտը կարգավորված է օրենքով, ապա դա դեռ չի նշանակում, որ վարչակարգին տարբեր ծառայություններ մատուցած չինովնիկները, գեներալները կամ օլիգարխները պետք է հետևեն այդ օրենքներին, սակայն երբ պետական իշխանությունը սկսում է խոսել վերջիններիս հետ նրանց լեքսիկոնով կամ այսպես ասած ոչ նորմատիվային լեզվով, ապա դա նշանակում է, որ փոխվում են խաղի ամբողջական կանոններ, քանի որ անկնհայտորեն ներկայումս վարչակարգն ունի բազմաթիվ մասնիկներ, որոնց համար ավելի հասկանալի է «շանտղություն» տերմինը, քան ասենք «քրեորեն պատժելի» ձևակերպումը։
Այս տեսանկյունից, անշուշտ, լավագույն տարբերակը կլիներ այն, որպեսզի վարչակարգը զերծ լիներ նմանօրինակ անհատներից, սակայն հեռանկարում մենք դեռևս դա չենք տեսնում, ինչի արդյունքում էլ հանդիպում ենք պետական պաշտոնյաների կողմից այսօրինակ արտահայտությունների կիրառման։
Ի դեպ պետք է նաև շեշտել, որ ինչ-որ առումով «շանտղությունը» հենց այն ամբողջական գնահատականն է, որը կարելի է օգտագործել ներկայումս բազմաթիվ ոլորտներում տիրող իրավիճակը բնութագրելու համար և այս տեսանկյունից վարչապետն ու ԱԺ փոխխոսնակը առավելագույնս ազնիվ են։
Pressmedia.am վերլուծաբան