Վանաձորյան ինտրիգն ու Ադրբեջանի հանրաքվեն
ՎերլուծությունԱյսօր մեկնարկած ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի անդրանիկ նիստում հայկական պատվիրակության անդամ և ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում պահանջել է ԵԽԽՎ-ից հրատապ կերպով քննել Ադրբեջանում հակաժողովրդավարական հանրաքվեն։ Այն, որ այդ հանրաքվեով Ադրբեջանը վերածվում է սուլթանատի, ինչպես նշել էր խոսքում Զոհրաբյանը, անվիճելի է։ Անվիճելի է նաև, որ միջազգային բոլոր հարթակներում Հայաստանի ներկայացուցիչները պետք է ակտիվություն դրսևորեն։ Սակայն այսօրինակ պահանջները մի փոքր այլ լույսի տակ են ներկայանում, երբ համադրում ենք նույն պահին Հայաստանում կատարվող իրադարձությունների հետ։
Իսկ Հայաստանում, ավելի կոնկրետ՝ Գյումրիում ու Վանաձորում, ընթանում էր իշխանության պարզունակ զավթում, որը դժվար է համարել ժողովրդավարական։ Ընդ որում՝ Գյումրիում առանց հստակության ու հիմնավորման հենց ԲՀԿ-ի մանդատներից մեկը տրվեց գործող քաղաքապետի դաշինքին, իսկ Վանաձորում նույնպիսի պարզունակ խաբեությամբ ու կուլիսային դավադրությամբ հաղթեց Հանրապետական կուսակցության թեկնածուն, որն անգամ ՀՅԴ-ի հետ դաշինքի պարագայում ընդամենը ստացել էր ավագանում 15 մանդատ և որի դեմ նույն ԲՀԿ-ն հուշագիր էր ստորագրել «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ։ Ըստ էության, դեռևս պարզ չէ, թե արդյոք «Հայկական վերածննդի», ԲՀԿ-ի, թե «Լուսավոր Հայաստանի» չորս անդամների թեթև ձեռքով մենք Վանաձորում ականատես եղանք քաղաքական անբարոյականության դասական դրսևորմանը։
Սակայն այս իրողությունների ֆոնին հարց է առաջանում, թե ինչքանով է հիմնավոր միջազգային ատյաններում պահանջել քննել Ադրբեջանի կամ որևէ այլ երկրում ընթացող հակաժողովրդավարական այս կամ այն գործընթացն այն դեպքում, երբ հայաստանյան համապետական հանրաքվեներն ու տեղական ավագանու ու համայնքապետի ընտրություններն առնվազն աչքի չեն ընկնում ժողովրդավարությամբ։
Թերևս այս խնդիրները մեր քաղաքական դաշտի ներկայացուցիչների համար արժանի չեն ուշադրության, քանի որ նրանք զբաղված են Եվրոպայի խորհրդում բոցաշունչ ու պաթոսով լեցուն հայտարարություններով, որոնք սովորաբար գործնականում որևէ արդյունք չեն տալիս և չեն էլ կարող տալ։
Ի դեպ, հավելենք, որ Ադրբեջանի սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ ոչ պակաս ջախջախիչ գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում նաև Հանրապետական պատգամավոր Նաիրա Կարապետյանը՝ շեշտելով, որ Ադրբեջանը «հսկայական քայլերով հետ է գնում ժողովրդավարությունից»։
Աղասի Մարգարյան
PressМedia.am վերլուծաբան