Վարչապետը նորից «ջղայնացավ»
ՎերլուծությունՎարչապետը նորից «ջղայնացավ»: Առաջ էլ էր «ջղայնանում», բայց դեկտեմբերի 6-ից հետո ավելի հաճախ է սկսել. նախ հանրաքվեից ընդամենը 3 օր անց նախարարներին դիտողություն արեց, իսկ երեկ էլ չկարողացավ թաքցնել իր բարկությունն Արմավիրի մարզպետարանի հանդեպ: Չկարողացավ թաքցնել, կամ էլ միգուցե ցանկացավ հենց ցուցադրել այդ «բարկությունը», ցույց տալ, որ մտահոգված է նրանով, թե ուր են գնում բյուջեի փողերը, ինչու է մարզպետարանը լրացուցիչ 10 միլիոն դրամ ուզում տեխնիկայի շահագործման արդյունքում առաջացած էլեկտրաէներգիայի ծախսը վճարելու համար: Տեսնո՞ւմ եք՝ կառուպցիոն ռիսկեր է կասկածում այստեղ վարչապետը, փորձում բացահայտել: Չգիտեմ՝ ինչ հիմնավորումներ կներկայացվեն արդյունքում, բայց չի բացառվում, որ որոշ միջին պաշտոնյաներ նույնիսկ պատժվեն էլ...
Առաջին հայացքից՝ կարծես թե լավ է, վարչապետը մտահոգ է, կառավարությունն աշխատում է, փորձում են կանխարգելել չարաշահումները, բայց տարօրինակն այն է, որ Հայաստանում որպես կանոն վարչապետների «ջղայնությունը» միշտ բռնում է որոշակի շրջանում, կոնկրետ այն ժամանակ, երբ իրենց գործերն այդքան էլ լավ չեն գնում: Օրինակ՝ դեկտեմբերի 6-ից հետո մամուլում սկսեցին ակտիվ լուրեր շրջանառվել, որ նախագահը գոհ չէ Հովիկ Աբրահամյանի կազմակերպած «Այո»-ի քարոզարշավից և ընդհանրապես՝ նրա ցույց տված արդյունքներից, ու չի բացառվում, որ մոտ ապագայում նորից բարձրացվի վարչապետի փոփոխության հարցը: Եթե այս վարկածը տեղ ունի գոյատևելու, ուրեմն տրամաբանական է, որ Հովիկ Աբրահամյանը հնարավոր նման զարգացումները կանխելու նպատակով պետք է սկսի ավելի ակտիվ աշխատել, կամ էլ գոնե ցույց տա, որ ակտիվ ու արդյունավետ է աշխատում: Ժողովրդի սոցիալական վիճակն, իհարկե, այսպիսի քայլերից չի լավանա, կառավարության ռեյտինգն էլ առանձնապես չի բարձրանա, որովհետև դրա համար տեսանելի արդյունքներ են պետք: Լավագույնը, որ կլինի՝ դա մի քանի մանր ու միջին թալանի ծրագրերի կանխարգելումն է, իսկ խոշոր թալանի ծրագրերը, իհարկե, թեմայից դուրս են:
Կարեն Վարդանյան