ՀՀԿ-ն փոշմանել է Պալաչի հարցով
ՎերլուծությունՀՀԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրը վստահեցնում է, որ ՀՀԿ-ում արդեն փոշմանել են Աբովյանի քաղաքապետի թեկնածու Արթուր Հարությունյանին՝ Պալաչին չսատարելու և կուսակցությունից հեռացնելու համար: Մասնավորապես ՀՀԿ երիտասարդ և ոչ այնքան երիտասարդ լիդերները, ովքեր ժամանակին իրենց վրա վերցրին Ծառուկյանին հրապարակավ քննադատելու առաքելությունը, Սերժ Սարգսյանի մոտ դժգոհել են, որ իրենք հայտնվել են խայտառակ վիճակում:
Նրանք ՀՀԿ ղեկավարին նաև տեղեկացրել են, որ դատելով մամուլի հրապարակումներից և Ծառուկյանի գործողություններից՝ վերջինս արդեն խախտում է քաղաքականությամբ չզբաղվելու պայմանը և Սերժ Սարգսյանի կողմից այս ամենը չկանխելը կարող է դիտվել որպես Ծառուկյանին տրված քարտ բլանշ՝ քաղաքականություն վերադառնալու համար:
ՀՀԿ-ականները նաև դժգոհել են, որ իրենք միայնակ թողեցին հարազատ կուսակցին, ով Աբովյանում հաղթելու ռեալ շանս ունի՝ կրկին թուլացնելով ՀՀԿ դիրքերը Կոտայքի մարզում:
Որպես հետդարձի առաջին հնարավոր քայլ ՀՀԿ-ն ներքին որոշում է կայացրել դադարեցնել ճնշումները Արթուր Հարությունյանի նկատմամբ և նրան հնարավորություն տալ՝ թեկուզ միայնակ հաղթանակ տոնել Ծառուկյանի հովանավորյալ թեկնածու Վահագն Գևորգյանի նկատմամբ:
Ընտրություններից հետո, ամենայն հավանականությամբ, Պալաչին կհորդորեն վերադառնալ ՀՀԿ շարքերը:
Ռուբեն Գրիգորյան