Սուրճը կարող է պայքարել քաղցկեղի դեմ
LifeԱռողջապահության Համաշխարհային Կազմակերպության կողմից հրավիրված համագումարին մի խումբ ազդեցիկ փորձագետներ վերջերս եկան այն եզրակացության, որ սուրճի կանոնավոր օգտագործումը կանխարգելում է քաղցկեղի ամենաքիչը երկու տեսակ: Այս եզրահանգմանը նրանք եկել են տասնամյակներ տևած հետազոտությունների և սուրճի այլ օգտակար հատկանիշների ուսումնասիրման շնորհիվ:
Այս հայտարարությունը բացառիկ ժխտումն է այն եզրահանգման, որին եկել էին մեկ այլ խումբ գիտնականներ 1991 թվականին՝ ներկայացնելով սուրճը որպես “հնարավոր քաղցկեղածին” ըմպելիք: Այդ ժամանակվանից ի վեր բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ սուրճը ունի Էլիքսիր (բուժիչ նյութ), որը, սուրճի կանոնավոր օգտագործման շնորհիվ, կարող է պայքարել սրտի հիվանդությունների, երկրորդ տեսակի շաքարային դիաբետի, նյարդաբանական խանգառումների և քաղցկեղի մի քանի տեսակների դեմ:
Սակայն իրենց զեկույցում գիտնականները նաև նշել են սուրճ և թեյ օգտագործողների համար ռիսկային մի գործոն: Կերակրափողի քաղցկեղի ուսումնասիրությունների ժամանակ գիտնականները եկել են այն համոզման, որ ըմպելիքը շատ տաք վիճակում խմելը կարող է մարդու համար “հնարավոր քաղցկեղածին” ռիսկեր ունենալ:
Համաճարակային ուսումնասիրությունները նշում են սուրճի բազմաթիվ օգտակար հատկությունները, սակայն չեն կարողանում ապացուցել դրանց պատճառներն ու հետևանքները: Այնուամենայնիվ, վերջին տարիներին սուրճի հետազոտություններից ստացվող դրական արդյունքները հանգեցրել են նրան, որ բազմաթիվ առողջապահական համակարգերում սուրճը ընդգրկվում է առողջ սննդակարգի մեջ:
2015 թվականի առողջ սննդակարգի ուղեցույցը կազմող մի խումբ գիտնականներ նշեցին, որ օրական երեքից հինգ բաժակ սուրճը վնասակար չէ, և “չափավոր” կիրառումը կարող է նվազեցնել քրոնիկ հիվանդությունների առաջացման ռիսկը: Մեկ այլ խումբ` Քաղցկեղի համաշխարհային հետազոտությունների միջազգային ֆոնդը (World Cancer Research Fund International) հայտարարեց, որ սուրճը պայքարում է քաղցկեղի բազմաքանակ տեսակների դեմ: Իսկ միլիոնավոր մասնակիցներ ընդգրկող մի քանի ուսումնասիրություններ պնդում են, որ կանոնավոր կերպով սուրճ օգտագործողները ավելի երկարակյաց են քան չօգտագործողները:
Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության գիտնականների այս բացահայտումները հավանաբար դրական արձագանք կստանան հասարակության կողմից, քանի որ աշխարհում մարդիկ օրական 1.6 միլիարդ բաժակ սուրճ են սպառում՝ այն դարձնելով աշխարհի առաջատար ըմպելիքը թեյից հետո:
ԱՀԿ-ն տեղեկացրեց, որ պարզ չէ, թե ինչու է սուրճը համարվում հենց ամենաքիչը երկու քաղցկեղի տեսակների կանխարգելման միջոց, սակայն նշեց, որ կլինիկական փորձարկումների ժամանակ սուրճի օգտագործումից արտադրվում էին “ուժեղ հակաօքսիդանտներ”, որոնք լաբորատոր ուսումնասիրություններում օգնում էին սպանել քաղցկեղածին բջիջները:
Մարիամ Ղուշչյան