«Սա ընդդեմ իշխանության վարած քաղաքականության, բարքերի ու վարքագծի ժողովրդական բունտ է, որը ստացավ քաղաքական բովանդակություն». «Փաստ»
Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է.
Վերջին ամիսներին կար այն մտավախությունը, որ մարդիկ հիասթափված են, հոգնել են և իրենց բողոքի ձայնն այլևս չեն բարձրացնում: Մայիսիննյան հրապարակը եկավ ապացուցելու հակառակը: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը հիշեցնում է՝ 2020 թ.-ից հետո էլ բավականին լուրջ քանակով մարդիկ դուրս էին գալիս փողոց, այլ հարց է, որ երբ փողոցից իրենց սպասելիքներն ավելին էին, քան կարող էր առաջարկել հարթակը, նրանք հիասթափվում էին և որոշ ժամանակով ամփոփվում էին իրենց խնդիրների մեջ, այն, ինչ կոչվում է ապատիա:
«Փողոցը միշտ ավելի արմատական էր տրամադրված փոփոխությունների պահանջի առումով, քան հարթակը: Կար նաև հոգնածություն քաղաքական ավանդական ուժերից, առավել ևս, որ այդ ուղղությամբ բավականին լուրջ հակաքարոզչություն էր ընթանում: 2018 թ.-ից իշխանության հակաքարոզչության այս նարատիվը բավականին աշխատում էր: Բայց կար ևս մեկ գործոն, որը երկար ժամանակ թույլ էր տալիս Նիկոլ Փաշինյանին և իր խմբակին համեմատաբար հանգիստ ապրել: 2020 թ.-ից հետո զգալով, թե հասարակությունը հոգեբանական ինչ վիճակում է, խաղաղության պահանջ ունի, Նիկոլ Փաշինյանը խաղաղություն բառը դարձրեց իր խոսույթի առանցքը: Իր ցանկացած ելույթում ներկայանում էր որպես խաղաղություն բերող միակ անձ, քաղաքական միակ ուժի ներկայացուցիչ, իսկ մյուսներին ներկայացնում էր որպես պատերազմի կուսակցություններ, ռևանշիստներ և այլն: Այդ առումով իր խոսույթը բավականին համահունչ էր Ադրբեջանի ղեկավարության խոսույթին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղտեխնոլոգը:
Ընդգծում է՝ Փաշինյանը կարծես կարողացավ մոնոպոլիզացնել խաղաղություն բառը, իբր խաղաղության ջատագով լինելու իր ստատուսը: Կարծում է՝ այս հարցում ստրատեգիական սխալ էր թույլ տվել ընդդիմությունը: «Ընդդիմությունը, ընդհանուր առմամբ վերցրած, թույլ էր տվել, որ խաղաղության աղավնու դերը Փաշինյանը ստանձնի, որ խաղաղություն բերողի կարգավիճակը մոնոպոլ իրեն պատկանի: Ընդդիմությունը, քննադատելով Փաշինյանի կապիտուլիստական կոնցեպտը, չէր ներկայացնում ճշմարիտը:Մարդիկ էլ գնացին խաղաղության կոնցեպտի հետևից: Նրանից հետո, երբ այդ կոնցեպտը տապալվեց, առհասարակ բոլոր նախագծերը, որոնք առնչվում էին խաղաղության հետ, հասարակության մեջ վերջնականապես հիասթափություն առաջացավ նաև Նիկոլ Փաշինյանի հանդեպ: Վկայությունն իր ռեյտինգներն են»,-նշում է մեր զրուցակիցը:
Հիմա, ըստ Հակոբյանի, առաջ է եկել քաղաքացիական, հանրային այլընտրանք: «Բագրատ Սրբազանի նարատիվը հաշտությունն է, սև ու սպիտակի վերացումը, արժանապատիվ խաղաղությունը, հիմնական պահանջն է, որ բավական է հայկական հողերը բաժանես՝ փոխարենը ոչինչ չստանալով: Մարդիկ իրական այլընտրանք, իրենց սպասումներն արդարացնող մարդու տեսան և դուրս եկան փողոց: Սա անվանել եմ հանրային, ժողովրդական բունտ՝ ընդդեմ այս իշխանության վարած քաղաքականության, բարքերի, վարքագծի: Այն ուշ, թե շուտ պետք է ստանար քաղաքական բովանդակություն: Այդ մասին հայտարարեց նաև Բագրատ Սրբազանը՝ նշելով, որ հարցը պետք է տեղափոխվի քաղաքական հարթակ»,-հավելում է Հակոբյանը: Նա բնականոն է համարում այն, որ Եկեղեցին ստանձնեց պայքարի առաջնորդի դերը:
«Հայ առաքելական եկեղեցին հերթական անգամ իր պատմական առաքելությունն է կատարում: Նա բազմիցս նման փորձությունների ժամանակ իր վրա հայապահպան, պետականապահպան, արժեհամակարգերի պահպանման դերն է կատարում: Եկեղեցին սովորաբար առաջին պլան է դուրս գալիս այն ժամանակ, երբ չես ունենում պետականություն: Հիմա Հայաստանի Հանրապետությունն այս իշխանության գործունեության շնորհիվ, ըստ էության, չկայացած պետության է վերածվել: Նախկինում էլ կային խնդիրներ, բայց պետությունն ուներ ինստիտուտներ՝ բանակ, կրթական համակարգ, մշակույթ, արժեհամակարգային ինստիտուտներ և այլն: 2018 թ.-ից սկսած այս իշխանությունը դրանք շատ արագ և հետևողականորեն քանդեց: Միակ ինստիտուտը, որ հնարավոր չեղավ վերացնել, Եկեղեցին էր: Կարծում եմ՝ այդ պայքարում Եկեղեցին ոչ միայն դիմացավ, այլ նաև ամրապնդվեց, կուռ ինստիտուտ դարձավ, գենի մակարդակով վերհիշեց իր առաքելությունը:
Երբ պետությունը շրիշակից ցածր մակարդակի վրա է, քաղաքական դաշտը, ըստ էության, չկարողացավ և դեռ չի կարողանում իր գործառույթը կատարել, ուստի այդ վակուումը պետք է լրացներ ինչ-որ կայուն ազգային ինստիտուտ, և դա Հայ առաքելական եկեղեցին է, որի կազմում կան հեղինակավոր հոգևոր առաջնորդներ, որոնք իրենց վրա վերցրեցին հարցերը բարձրաձայնելու, դրանք առաջ տանելու, ապատիայում գտնվող հասարակությանն արթնացնելու առաքելությունը: Մինչ այս փուլը դա իրենց հաջողվում է, և կա հստակ ընկալում ժողովրդի կողմից: Այս իշխանությունը քաղաքական աղանդի տրամաբանությամբ է շարժվում, իսկ դրանց տրամաբանությունն այն է, որ որևէ մեկը չի կարողանում բացատրել, թե ինչու է հավատում այդ մարդուն կամ քաղաքական ուժին, իրենք հավատում են, որովհետև ուղղակի հավատում են: Հոգևոր տեսակետից շատ տրամաբանական է, որ ցանկացած տոտալիտար քաղաքական աղանդի դեմ պետք է պայքարի Հայ առաքելական եկեղեցին»,- նշում է քաղտեխնոլոգը:
Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ երբ ժողովուրդը հրապարակում իր հրաժարականը պահանջի, նա կհեռանա: Մայիսի 9-ին հրապարակը լեփ-լեցուն էր: Վստահաբար, այնտեղ նաև մարդիկ էին, որոնք ինչ-որ պահի վստահության քվե էին տվել Նիկոլ Փաշինյանին: «Բնականաբար, երեկ հրապարակում կային իրեն ընտրող մարդիկ: Մարդը կարող է սխալ գործել, հետո փորձել իր սխալն ուղղել: Սա ամենուր է, նաև քաղաքականության մեջ: Նորմալ պրոցես է, երբ մարդիկ սկսում են հասկանալ, որ սխալվել են, խաբվել են և փոփոխություն են կատարում: Լուրջ վերաբերվել որևէ հայտարարության ու խոսքի, որն ասվում է այդ թիմի և առավել ևս իրենց լիդերի կողմից, անշնորհակալ գործ եմ համարում: Տարբերակներից մեկն այն է, որ վերաբերվենք այնպես, ինչպես իրեն աշխարհի շատ պետությունների ղեկավարներ են վերաբերվում: Գլուխը շոյում են, իրենց ուզածը ստանում, հետո ծիծաղում իր վրա:
Ունենք իշխանություն, որը լուրջ չի ընկալվում աշխարհում որևէ մի տեղ որևէ մի լիդերի կողմից, անգամ այն լիդերների կողմից, որոնք մեզ համարվում են բարեկամ երկիր: Նրանք համբուրվում են, ողջագուրվում, միասին ճաշում, բայց դրանից հետո ուղղակի ձեռք են առնում և այլն: Բոլորը գիտեն Հայաստանի իշխանության խոսքի արժեքը: Սա վերաբերում է ոչ միայն աշխարհաքաղաքական լուրջ կենտրոններին ու նրանց ղեկավարներին, այլ նաև մեր որոշ հարևաններին, որոնք այդ կարգավիճակը չունեն, բայց շատ լավ հասկանում են, թե ում հետ գործ ունեն: Հիմա վերհիշում ենք իր՝ վեց տարի առաջ ասած խոսքերը, մյուսները հիշում են իր՝ այսպես կոչված, ընդդիմադիր ժամանակները, թե ինչեր է ասել այն ժամանակ և ինչ է ասում հիմա»,-ընդգծում է քաղտեխնոլոգը:
Նշում է՝ բնականաբար, հենց այնպես հրաժարական չի տա: «Նաև մի պարագայում կհեռանա. եթե դրսի իր «պապաներն» ու ոչ «պապաները» ասեն, որ արդեն էլ պետք չի: Դա իր համար ազդակ կլինի, որ աչք չեն փակելու իր ներսի որոշ՝ ֆինանսատնտեսական չարաճճիությունների և ուժային ռեպրեսիաների վրա: Երկրորդ՝ եթե համառի, ապա այն երաշխիքները, որոնք իրեն տալիս էին հետագա կյանքի համար, կարող են չտալ: Այդ տարբերակը կարող է աշխատել, հակառակ դեպքում նա մինչև վերջ կպահի իշխանությունը: Այս իշխանությունը որևէ կարմիր գիծ չունի ո՛չ ներքին, ո՛չ արտաքին քաղաքականության մեջ: Ուղղակի արտաքին քաղաքականության մեջ այդ գիծն իր համար ինչոր մեկը գծում է, իսկ ներսում նա աստիճանաբար պետք է դա հասկանա»,-եզրափակում է Վիգեն Հակոբյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում