Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը
ՎերլուծությունԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը առաջիկայում լքելու է իր պաշտոնը։ Գործող իշխանությունները չափազանց դժգոհ են առողջապահության նախարարի աշխատանքից, վերջինս ոչ միայն չի կարողանում լեզու գտնել բուժհաստատությունների հետ և վերահսկել նրանց աշխատանքը, այլև, «ըստ օդում կախված լուրերի», կոռուպցիոն լրջագույն խնդիրների մեջ է, մասնավորապես՝ առողջապահության նախարարը հնարավոր բոլոր տենդերները իրականացնում է իր մտերիմների միջոցով՝ թույլ չտալով այլ ընկերություններին մասնակցել և գումար վաստակել։
Վերջերս «Վիգմոր» բժշկական կենտրոնում տեղի ունեցած խուզարկությունները և տնօրենի ձերբակալությունը լցրել են Նիկոլ Փաշինյանի համբերության բաժակը, և վերջինս հենց կառավարության նիստում՝ չզեկուցվող հարցերի քննարկման ժամանակ, բոլորի ներկայությամբ առողջապահության նախարարին հայտնել է, որ նա առաջիկայում լքելու է իր պաշտոնը, հորդորել է գնալ և կարգի բերել իր գործերը, քանի որ Անահիտ Ավանեսյանը միայն պաշտոնի ազատմամբ չի «պլստալու»։
Չի բացառվում, որ նրա դեմ ևս քրեական գործեր հարուցվեն, առավել ևս, որ Նիկոլ Փաշինյանը սովորություն ունի իր հետ աշխատած մարդկանց պաշտոնանկ անելուց հետո նաև պատժել քրեական վարույթներով։ Թե ո՞ւմ են նշանակելու առողջապահության նախարար, չի հաղորդվում։ Նախարարի պաշտոնի լուրջ ախորժակ ունի Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Թորոսյանը, որը ինքն էր ժամանակին Անահիտ Ավանեսյանին բերել այդ պաշտոնին, իսկ այժմ որպես պատգամավոր, լուրջ խնդիրներ ունի կուսակցության և խմբակցության ներսում և ցանկանում է կրկին վերադառնալ գործադիր իշխանություն։
Թորոսյանն այս օրերին գտնվում է ԱՄՆ-ում, ՔՊ-ական մի խումբ պատգամավորների հետ։ Չի բացառվում, որ վերադարձից անմիջապես հետո Ավանեսյանին պաշտոնանկ անեն, իսկ նրան նշանակեն առողջապահության նախարար։
Նառա Այվազյան