Փաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ
ՎերլուծությունՆիկոլ Փաշինյանը ՔՊ-ական պատգամավորների բավականին մեծ պատվիրակություն է գործուղել Միացյալ նահանգներ։ Նրանք` դեսպան Մակունցի հետ, հանդիպումներ են ունեցել Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինի, սենատորներ՝ Շելդոն Վայթ Հաուսի և Ալեքս Բադիլայի հետ:
Հանդիպել են նաև ներկայացուցիչների պալատի անդամներ` Թոմաս Քինի, Ֆրենկ Փալոնի հետ և ըստ պաշտոնական հաղորդագրությունների` քննարկել են խաղաղության խաչմերուկը, ինչպես նաև հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացը։ Իրականում, սակայն, Փաշինյանին ավելի շատ հուզում է ոչ այնքան կարգավորման գործընթացը, որքան իր կուսակցության և անձամբ իր հետագա քաղաքական կարիերան, ավելի ճիշտ անվտանգության երաշխիքները։
Հատկապես վերջին շրջանում Կիրանցում իրավիճակի սրումից հետո, «Քաղաքացիական պայմանագրում» լուրջ մտավախություններ կան, որ Արևմուտքն ամենևին էլ մտադիր չէ Փաշինյանին անվտանգության երաշխիքներ տալ, նաև խորը կասկածներ ունեն, որ անհրաժեշտ պահին «գերագույն առաջնորդը» կարող է ծլկել Հայաստանից՝ իրենց միայնակ թողնելով ընդդիմության և զայրացած ժողովրդի հետ դեմ հանդիման։
Օրեր առաջ տեղի ունեցած քննարկումների ժամանակ այս հարցերը պարզորոշ և ուղիղ տրվել են Փաշինյանին։ Վերջինս էլ բավականին ուշագրավ մեթոդ է ընտրել նման մտահոգությունները փարատելու համար, այն է` ՔՊ-ական տարբեր կլանների ներկայացուցիչներից մի քանիսին գործուղել ԱՄՆ, որպեսզի նրանք տեղում համոզվեն, որ Արևմուտքը շարունակում է աջակցություն ցուցաբերել Փաշինյանին։
Պատվիրակությունը գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, իսկ ընդդիմության որևէ ներկայացուցիչ պատվիրակության կազմում ընդգրկված չէ, թեպետ վերջին շրջանում տարբեր այցերի ընթացքում ընդդիմության ներկայացուցիչներին ևս ընդգրկում են: Միայն ՔՊ-ականներից բաղկացած պատվիրակությամբ ԱՄՆ մեկնելը վկայում է այն մասին, որ սա բոլորովին էլ պետական նշանակության այց չէ, այլ ավելի շուտ կուսակցական միջոցառում է` հարկատուների գումարների հաշվին։
Ալլա Վիրաբյան